ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ամերիկան կունենա իր Գորբաչովը

Ամերիկան կունենա իր Գորբաչովը
05.06.2009 | 00:00

«ԴԱԺԱՆ ՍԻՐՈ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ»
ԱՄՆ-ի հեղինակության վերականգնումն աշխարհում Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից, թերևս, ամենագլխավորն էր։ «Մահմեդականների սրտերը գրավելու» առաջին փորձն ԱՄՆ-ի նախագահը ձեռնարկեց անցած շաբաթվա ընթացքում։ Նրա այցը Սաուդյան Արաբիա և Եգիպտոս, ուր փորձ արվեց հաստատել «երկխոսության և ոչ թե գերակայության մթնոլորտ», ակնհայտորեն դառնալու է առաջին լուրջ քայլն այս ճանապարհին։ Առաջադրված խնդիրն իրագործելը, սակայն, շատ դժվար է լինելու, քանզի Ջորջ Բուշի կառավարման ժամանակահատվածում արաբական աշխարհում անհամեմատ ավելի շատ ամերիկյան դրոշներ են այրվել, քան նրա բոլոր նախորդների օրոք։ «Մահմեդական ահաբեկչության» սինդրոմը պարզապես խեղդել էր և ստիպել անտեսել ոչ միայն արաբական, այլև մնացած աշխարհը։ Հիմա Օբամայի վարչակազմը փորձում է «նոր երկխոսության» շրջանակներում լրջորեն բռնել Մերձավոր Արևելքում շարունակ փախչող խաղաղության պոչից։
Սակայն, ինչպես միշտ, զգացմունքային ֆոնից անդին ԱՄՆ-ի համար գոյություն ունի հրատապ և պրագմատիկ խնդիր` արաբական աշխարհի բարեփոխման առումով, որը կոչվում է «Մեծ Մերձավոր Արևելք»։ Նավթային ռեսուրսները, գեոռազմավարական իրադրությունը, Իսրայելի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում այս տարածաշրջանը վերածել են ԱՄՆ-ի գլխավոր մարտադաշտի` հանուն գլոբալ շահերի։ Ամերիկային և աշխարհին այսօր ակնհայտորեն անհրաժեշտ են ճեղքումներ, նոր գաղափարներ, լեզու գտնելու նոր ուղիներ։ Մանավանդ` արաբական արևելքի և մահմեդական աշխարհի հետ, ու պատահական չէ փորձագետների շրջանում տարածված կարծիքը, որ Սպիտակ տան նոր տերը ձգտելու է անել անհնարինը և բարեկամանալ արաբ առաջնորդների հետ` իր անձնական կապերն իսլամական աշխարհի հետ ընդգծելու ճանապարհով։ Չմոռանանք, Օբամայի ընտանիքում եղել են մահմեդականներ, այդ թվում` Քենիայում ծնված նրա հայրը, իսկ ինքը մի քանի տարի անցկացրել է ամենաբազմամարդ մահմեդական երկրում` Ինդոնեզիայում։
«Պատմական այցի» նախօրեին հեղինակավոր Zogby International սոցիոլոգիական ծառայությունը 6 արաբական երկրներում 4 հազար մարդու շրջանում հարցում անցկացրեց, որի արդյունքներով հարցվածների 77 տոկոսն ԱՄՆ-ը համարում է Իսրայելից հետո արաբական աշխարհին սպառնալիք հանդիսացող երկրորդ երկիրը։ Հարցվածների 41 տոկոսը համաձայն է, որ եթե Վաշինգտոնը կարողանա հասնել Իսրայելի և արաբական աշխարհի միջև հաշտության ստորագրմանը, դա կբարելավի արաբների հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Այդ դեպքում հարցվածների 51 տոկոսը պատրաստ է վերանայել իր կարծիքն ԱՄՆ-ի նկատմամբ, եթե 2011-ի շեմին Վաշինգտոնը դուրս բերի զորքերը նաև Իրաքից։ Եվ վերջապես, հարցվածների 45 տոկոսն ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունի Բարաք Օբամայի նկատմամբ, ինչը նրան հաջողության որոշակի շանսեր է տալիս։
Այցի նախօրեին ԱՄՆ-ի նախագահը ներկայացրեց իր պատկերացումներն իսլամական աշխարհի հետ հարաբերությունների վերաբերյալ, նշելով հետևյալը. «Ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, խոսքի և դավանանքի ազատություն. սրանք սոսկ Արևմուտքի սկզբունքները չեն, որոնք պետք է ջարդել այդ երկրների վրա, այլ, ավելի շուտ, ես կարծում եմ, դրանք ունիվերսալ սկզբունքներ են, որոնք վերջիններս կարող են ընդունել և դարձնել իրենց ազգային ինքնության մի մասը։ Մենք չենք պատրաստվում ստիպել պետություններին ընդունել մեր արժեքները, սովորեցնել նրանց կամ էլ օգտագործել ռազմական միջոցներ։ Մենք ցանկանում ենք ցույց տալ աշխարհին, որ այդ արժեքների դավանումը կարևոր է նույնիսկ այն ժամանակ, երբ դա շատ բարդ է»։ Միանգամայն ճշգրիտ էին ընտրված նաև այն պետությունները, ուր այցելեց ԱՄՆ-ի նախագահը։ Սաուդյան Արաբիայի տարածքում են գտնվում մահմեդական գլխավոր սրբությունները, երկրի թագավորը դրանց պահապանն է ու վերահսկում է հաջը։ Բացի այդ, Էր-Ռիադը կարևոր քաղաքական կենտրոն է, ուր միաժամանակ տեղակայված է «Իսլամական կոնֆերանսի կազմակերպության» կենտրոնական գրասենյակը։ Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա այն բնակչության թվով արաբական ամենամեծ երկիրն է, մահմեդական աշխարհի խոշոր մշակութային կենտրոնը, տարիքային առումով երիտասարդ պետություն, իսկ ԱՄՆ-ի նախագահը ձգտում է, որ իրեն ականջալուր լինի հատկապես մահմեդական երիտասարդությունը։
Նախատեսված է Օբամայի ելույթը Կահիրեի համալսարանում, այցելություն եգիպտական մզկիթներ։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսն այս առնչությամբ ասաց. «Իր խոսքում նախագահը կարտահայտի համագործակցության մեր ձգտումը, որը հենված է փոխադարձ շահերի և հարգանքի վրա։ Նա կհայտարարի այն մասին, որ ԱՄՆ-ը և աշխարհի մահմեդական համայնքները կարող են կամուրջներ ստեղծել մեզ միմյանցից բաժանող պրոբլեմների վրայով»։ Օբաման պարզաբանումներ կտա նաև մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ։ Կոնկրետ քաղաքական խնդիրների առումով Սաուդյան Արաբիայի թագավորի հետ ԱՄՆ-ի նախագահը քննարկումներ կանցկացնի Իրանի միջուկային ծրագրի, ահաբեկչության դեմ պայքարի, մերձավորարևելյան կարգավորման շուրջ։ Անուշադրության չեն մատնվի նաև նավթի գները. Օբաման արդեն կոչ է արել Էր-Ռիադին` չբարձրացնել նավթի գինը, քանզի դա բացասական ազդեցություն է ունենում խոշորագույն սպառող ԱՄՆ-ի տնտեսության վրա։
ԱՄՆ-ի նախագահն ընդգծել է, որ հարաբերություններն իսլամական աշխարհի հետ չպետք է դիտարկվեն բացառապես իսրայելա-պաղեստինյան հակամարտության պրիզմայով, իրավիճակը շատ ավելի բարդ է, քանզի ներգրավված են նաև Իրանը, Սիրիան, Լիբանանը և Պակիստանը։ Այնուհանդերձ, Պաղեստինի հարցն անկյունաքարային է տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով, և, փորձագետների մեծամասնության կարծիքով, այդ ուղղությամբ հազիվ թե հաջողվի արագ փոփոխություններ արձանագրել։ Սակայն մերձավորարևելյան այցին նախապատրաստվելիս ԱՄՆ-ի նախագահը չխուսափեց հայտարարելուց. «Ես իսկապես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել լուրջ բանակցությունների վերսկսմանը։ Որովհետև ոչ միայն պաղեստինցիների, այլ նաև իսրայելցիների շահերից է բխում իրավիճակի կայունացումը»։ Գործնականում Օբամայի վարչակազմը փորձ է անում վերակենդանացնել 2002-ին Սաուդյան Արաբիայի առաջարկած և Արաբական երկրների լիգայի հավանությանն արժանացած ծրագիրը, որին, ի դեպ, աջակցում էին նաև իսրայելական որոշ քաղաքական գործիչներ, մասնավորապես, նախկին արտգործնախարար, «Կադիմա» կուսակցության ղեկավար Ցիպի Լիվնին։ Այդ առաջարկությունը, փաստորեն, Իսրայելին իրավունք է տալիս կանխելու 1948-ին տարածքից բռնությամբ տարհանված արաբ փախստականների վերադարձն իրենց նախկին բնակության վայրերը, սակայն դրա փոխարեն Իսրայելը պետք է Սիրիային վերադարձնի Գոլանի բարձունքները և թույլ տա պաղեստինցիներին Արևելյան Երուսաղեմը հայտարարել իրենց մայրաքաղաքը, ինչի փոխարեն արաբական աշխարհը կճանաչի Իսրայելի գոյության իրավունքը։ ԱՄՆ-ի նոր նախագահը կարծում է, որ Իսրայելի կողմից անմտություն կլինի այդպիսի առաջարկության մերժումը։ Նա, մի կողմից, խոստանում է պաշտպանել Իսրայելին, մյուս կողմից` պահանջում բաժանել վեցօրյա պատերազմի ընթացքում նրա հսկողության տակ անցած տարածքները պաղեստինցիների հետ։
Սպիտակ տան նոր տերը նաև նախազգուշացրեց Իսրայելին նոր ռազմական հենակետեր չստեղծել. «ԱՄՆ-ի հատուկ հարաբերություններն Իսրայելի հետ պահանջում են մի քիչ դաժան սիրո դրսևորում։ Որովհետև լավ ընկերը միշտ ազնիվ է։ Կարծում եմ` եղել են ժամանակներ, երբ մենք ամբողջությամբ ազնիվ չենք եղել և չենք ընդունել, որ տարածաշրջանային իրադարձությունները զարգանում են բացասական ուղղությամբ»։ Այնուհանդերձ, առաջարկվող կարգավորման նախագիծը բացասական է գնահատվում Իսրայելի իշխանությունների կողմից, ինչն ակնհայտորեն երևաց վարչապետ Նաթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Ըստ այդմ, ամերիկացիների համար միակ դրական արդյունքը եղավ այն, որ Իսրայելի վարչապետը համաձայնեց վերսկսել բանակցությունները Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի հետ։ Եվ, այնուհանդերձ, ԱՄՆ-ի նախագահը համբերության կոչ արեց ու ընդգծեց, որ դիվանագիտությունը երբեք էլ չի բերում արագ արդյունքներ, խաղաղ գործընթացի վերականգնումն արդեն դրական է և «կարող է փոխել հոգեբանական մթնոլորտը տարածաշրջանում»։
Միևնույն ժամանակ փորձագետները բացասական զարգացումներ էլ են ակնկալում Բարաք Օբամայի այցից Կահիրե և Էր-Ռիադ։ «Ալ-Ղաիդայում» երկրորդ մարդը` Այման Զավահիրին, ամերիկյան առաջնորդին անվանեց «հանցագործ» ու հայտարարեց, թե Մերձավոր Արևելքում նրան ոչ ոք չի սպասում։ Եգիպտոսի առաջնորդներին բաժին հասավ «ամերիկյան ստրուկներ» բնորոշումը, որոնք, իբր, Եգիպտոսը վերածել են իսլամի դեմ ամերիկյան պատերազմի հենակետի։ Ռուսական ԶԼՄ-ները միաժամանակ տիրաժավորում են «իսլամական էլիտայի» կարծիքները, թե Օբաման, արաբ ինտելեկտուալների համոզմամբ, կդառնա ամերիկյան Գորբաչով` ներսից քանդելով անդրօվկիանոսյան այս կայսրությունը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ